(Վուդրո Վիլսոնն էլ չի օգնի՝ ոչ արձանի տեսքով, ոչ էլ եթե անգամ գերեզմանից վեր կենա ու գա «Երկիր ծիրանի»)
Հունիսի 9-ին և 12-ին Զարուհի Փոստանջյանը հաստատեց՝ մայրաքաղաքի ու Հայաստանի բոլոր թատրոնները գերմրցունակ ու ակտիվ գործընկեր են ստացել, որ, ի տարբերություն իրենց, վայելում է ԶԼՄ-ների հետաքրքրությունը: Բոլոր թատրոնները հանգիստ կարող են փակել դռները: Ոչ այն պատճառով, որ թատերաշրջանը ավարտվում է, արձակուրդ է, այլևս անելիք չունեն: Ոչ, բեմում է Զարուհի Փոստանջյանը: Նրա համար թատերական ու քաղաքական բեմերի միջև տարբերություն չկա: Բեմական ձիրքը ակնհայտ է, թույլ է ռեժիսուրան, բայց ամեն ինչ առջևում է:
Թատրոնի մարդիկ գուցե առարկեն, որ դա թատրոն չէ, այլ կրկես: Երևանի կրկեսը նախ քանդվել է ու արդեն քանի տարի միայն իր շենքն է կառուցում, հետո էլ՝ քաղաքական կրկեսը վաղուց ունի իր տերը՝ ի դեմս Գագիկ Ծառուկյանի: Իսկ նա դիրքերը հենց այնպես չի հանձնում, նույնիսկ Զարուհի Փոստանջյանի պես ակնառու մեկին:
Երբ Երևանի նորընտիր ավագանին առաջին նիստն արեց, զուգահեռ քաղաքապետարանի մուտքի առաջ առաջին նիստն արեց «Երկիր ծիրանի» խմբակցությունը: Նիստը բացօթյա էր՝ շրջապատված լրատվամիջոցներով, հանդիսատեսի հարցը լավ չէր լուծված: Զարուհի Փոստանջյանը ի լուր ամենքի հայտարարեց, որ Երևանի ավագանու մյուս անդամների հետ իրենց շփումը լինելու է «դատարանների միջոցով, պաշտոնական լեզվով, գրագրության միջոցով» և հորդորեց քաղաքացիներին խնդիրների վերաբերյալ դիմումներն ուղարկել իրենց անուններով:
Զավեշտալի էր, որ քաղաքապետարանի մուտքը Զարուհի Փոստանջյանը շփոթել է քաղաքապետարանի հետ և հայտարարեց, որ իրենք գրավել են Երևանի քաղաքապետարանը, իսկ իբրև հաստատում՝ պայթեցրեց կարմիր փուչիկները: Ենթադրվում էր, որ ներսում գտնվող հակառակորդը պայթյունից հետո միանգամից պիտի հանձնվեր՝ ուժերի անհավասարության պատճառով անիմաստ համարելով դիմադրությունը:
Ներկայացման երկրորդ արարում «Երկիր ծիրանի» կուսակցության անդամներն էին բեմում: Սեդա Մելիքյանը հանեց Տարոն Մարգարյանի և Սերժ Սարգսյանի լուսանկարներով ափսեներն ու շարեց աստիճանների վրա՝ խմբակցությունը քաղաքապետարան մտավ ափսեները կոտրելով: Թեև Սեդա Մելիքյանը հայտարարեց՝ «Սա մենք անում ենք իբրև նշան չարախափանի», իրականում մոգական գործողությունը շատ ավելի մեծ խորհուրդ ուներ՝ նրանք սկսել են Տարոն Մարգարյանի երանավետ կյանքը դժոխքի վերածելու քաղաքական գործընթացը: Ափսեներն էլ սովորական ափսեներ չէին, այլ թռչող ափսեներ, որ կոտրվելուց հետո շարունակելու են Զարուհի Փոստանջյանի հայտարարած պատերազմը ինքնուրույն՝ ամեն գիշեր երազում Տարոն Մարգարյանն ու Սերժ Սարգսյանը փշրվող ափսեների հռնդյունից վեր են թռչելու ու այլևս վախից ամբողջ գիշեր չեն քնելու:
Թատրոնի օրենքներով՝ այսքանից հետո, ստանալով շնորհակալ հանդիսատեսի բուռն, երկարատև ծափահարությունները, «բռավո»-ներն ու ծաղիկները, դերասանները պիտի գնային տուն: Բայց «բռավո»-ներ, ծաղկեփնջեր, ծափեր չեղան, ու Զարուհի Փոստանջյանը մտավ քաղաքապետարանի շենք: «Երկիր ծիրանի» խմբակցության անդամները մեծ դժվարությամբ գտան իրենց աշխատասենյակը: Երկար դեգերումներից հետո նրանց ճանապարհը ցույց տվեց քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Սերգեյ Մակարյանը և ուղեկցեց «Բարև, Երևան» խմբակցության նախկին աշխատասենյակը: Իբրև շնորհակալություն՝ «Երկիր ծիրանին» նրան դիտողություն արեց, որ շենքում ցերեկային ժամին էլեկտրական լույսերը վառվում են: Մակարյանը չնահանջեց, ասաց՝ էլեկտրիկները փորձարկում են լույսերը: Երբ Զարուհի Փոստանջյանին հանձնվեցին աշխատասենյակի բանալիները, նա ազդարարեց. «Մենք պետք է ամեն ինչ անենք, որ Երևան քաղաքի բյուջեն չթալանվի»: Շինիչ ցանկություն է, եթե չի ուղեկցվելու խեղկատակությամբ, անեծքներով ու բեմադրություններով, որոնց հաճախակիությունը և կանխատեսելիությունը սպանում են դիտելու ցանկությունը:
Հունիսի 12-ին ժանրի կանոններով՝ ներկայացումը շարունակվեց: Նախ «Երկիր ծիրանիի» լրատվության ծառայությունն ազդարարեց, որ Երևանի ավագանու այլընտրանքային նիստ է հրավիրում: Օրակարգը ցնցող էր՝
«1. ԱՄՆ 28-րդ նախագահ և Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Թոմաս Վուդրո Վիլսոնի արձանի տեղադրման նախաձեռնություն իրականացնելու վերաբերյալ:
2. Երևան քաղաքի տրանսպորտի աշխատանքի վերաբերյալ:
3. Երևանի քաղաքապետարանի կոմունալ վարձերի վերաբերյալ:
4. Երևանի վարչական շրջաններում քաղաքացիների հետ հանդիպումների և քննարկումների անցկացման աշխատանքների կազմակերպման վերաբերյալ:
5. Երևանի ավագանու վերահսկողական լիազորությունների հետ կապված` ավագանու և քաղաքապետի իրավական ակտերի, քաղաքապետարանի աշխատակազմի ստորաբաժանումների, քաղաքային ենթակայության կազմակերպությունների գործունեության վերաբերյալ տեղեկությունների հիման վրա հասարակական կազմակերպությունների, մասնագիտացված խմբերի և անհատների հետ աշխատանքների կազմակերպման վերաբերյալ»:
Ի՞նչ մեղք ունի Վուդրո Վիլսոնը, որ հայտնվել է այդ թատրոնում, մնաց անհայտ, անհայտ է և մյուս հարցերի ճակատագիրը: Այլընտրանքային նիստը չկայացավ: Զարուհի Փոստանջյանը նախապես հանդիսատես-լրագրողներին ասել էր, որ չի մասնակցելու քաղաքապետ Տարոն Մարգարյանի երդմնակալությանը: Իսկ հետո ասաց, որ իրեն և թիմակիցներին չեն թողել մտնել քաղաքապետարանի շենք.
«Իրենց պատճառով մենք մեր նիստը չկարողացանք անցկացնել, որը մեր քաղաքի բնակիչներին էր նվիրված: Մենք նախատեսել էինք ժամը 11:00-ին անցկացնել նիստ, բայց չկարողացանք իրականություն դարձնել, որովհետև այդ պահին զուգահեռ տեղի էր ունենում այդ գռեհիկ երդմնակալության արարողությունը»:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ. Գ. Փաստացի՝ քաղաքական թատրոնում նոր հասկացություն է հայտնվում՝ «գռեհիկ», որ գուցե Զարուհի Փոստանջյանի ինքնատիպ բառապաշարում փոխարինում է «անօրինականին»՝ նա չի ընդունել ավագանու ընտրությունների արդյունքները, փոխարենը «Երկիր ծիրանիի» հինգ մանդատները համարում է ժողովրդի տված: Հարմար բացատրություն է: Իսկ ո՞վ պիտի բացատրի, թե ի՞նչ է կատարվում Զարուհի Փոստանջյանի հետ, ինչքա՞ն է տևելու այս խեղկատակությունը, որ վաղուց դադարել է քաղաքական ակցիա լինել, որևէ օգտակարություն չունի երևանցիների խնդիրների բացահայտման ու լուծման առումով, անգամ ինքնատիպության չի հավակնում, ոչ էլ զվարճալի է: Ընդամենը վարկաբեկում է Երևանի ավագանու անդամի մանդատը, որ հայտնվել է հինգ էքսցենտրիկ մարդկանց ձեռքում, ու նրանք չգիտեն՝ ի՞նչ անել: Սա իրավիճակ է, որին Վուդրո Վիլսոնն էլ չի օգնի՝ ոչ արձանի տեսքով, ոչ էլ եթե անգամ գերեզմանից վեր կենա ու գա «Երկիր ծիրանի»: «Փոստանջյան և ընկերներ» թատրոնն ունի իր թատերաշրջանը, ելքը ռեժիսորին համոզելն է, որ Հայաստանում վերացել են մանկամիտները, սցենարը փոխել է պետք: